Քաղաքական Տարակարծութիւններ Չկան Ղարաբաղի Քաղաքական Բեմի Վրայ

 

 ԵՐԵՒԱՆ.- «Առաւօտ» թերթը իր Հինգշաբթի օրուան թիւով հարցզրոյց մը հրատարակած է ԼՂՀ ԱԺ արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանէսեանի հետ, որ պնդած է, թէ Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման կապակցութեամբ Արցախի քաղաքական հոսանքներու մէջ տարակարծութիւններ չկան:

 Ստորեւ կը հրատարակենք Հայաստանի եւ Ղարաբաղի արտաքին քաղաքականութեանց համադրման հետ կապուած խնդիրները արծարծող սոյն հարզացրոյցը:

 «ԱՌԱՒՕՏ».- Պարոն Աթանէսեան, ինչ նոր բան էք ակնկալում լսել Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանից, ով Պրահայից յետոյ մտադիր է գալ Ստեփանակերտ եւ հանդիպել խորհրդարանի պատգամաւորներին:

 ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԷՍԵԱՆ.-  Նախ՝ դեռ պաշտօնապէս չեն հաստատուել պարոն Նալբանդեանի՝ Ստեփանակերտ կատարելիք այցի ոչ օրակարգը, ոչ ժամանակացոյցը: Երկրորդ, ուզում եմ ընդգծել, որ նախկինում էլ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը շփումներ ունեցել է ԼՂՀ խորհրդարանի հետ: Մասնաւորապէս, երբ մենք 2006 թ. Ապրիլին լսումներ անցկացրինք, յաջորդեց Վարդան Օսկանեանի այցը, եւ նա տեւական հանդիպում ունեցաւ Ազգային ժողովի խմբակցութիւնների հետ, իսկ անցեալ աշնանը կազմակերպած քննարկումներին ներկայ էր եւ ելոյթ ունեցաւ փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանը:

 Այնպէս որ, արտառոց ոչինչ չկայ, որ պարոն Նալբանդեանը մտադիր է հանդիպումներ ունենալ Ստեփանակերտում, այդ թւում՝ խորհրդարանում: Եթէ նա ԼՂՀ ժամանի, ապա, բնականաբար, մենք հետաքրքրուելու ենք  բանակցային գործընթացի Պրահայի «հանգրուանի» քննարկումներով եւ փորձելու ենք խորքային նրբութիւններ պարզել մեզ համար: Ի հարկէ, կը ներկայացնենք խնդրի շուրջ մեր պատկերացումները: Ես ակնկալում եմ, որ դա  օգտակար եւ կառուցողական երկխօսութիւն պիտի լինի:

 «ԱՌԱՒՕՏ».-  Ինչպէս են Ղարաբաղում պատկերացնում հակամարտութեան կարգաւորման գործընթացում Հայաստանի եւ Ղարաբաղի լիազօրութիւնների սահմանազատման վերաբերեալ փաստաթուղթը:

 ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԷՍԵԱՆ.-   Ստիպուած եմ կրկին պարզաբանել, որ մեր վերջին քննարկումների օրակարգում լիազօրութիւնների վերաբաժանման կամ, առաւել եւս, «մանդատից զրկելու» հարց ներառնուած չէր: Գուցէ որոշ յուզական ընդգծումներ հնչեցուել են, բայց էականը դրանք չեն: Կայ բանակցային գործընթացի ողջ կոնտեքստը պատկերացնելու եւ վերաբերմունք ձեւաւորելու, խօսքը քաղաքական պատասխանատուութեան մասին է, խնդիր, ինչը եւ ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցութիւնները փորձում են ընկալել ողջ ծաւալով: Դա գործընթաց է, որ սկիզբ է առել, ինչպէս քիչ առաջ ասացի, 2006 թ. Ապրիլին անցկացուած խորհրդարանական լսումներով եւ շարունակւում է: Այդ քննարկումների վերաբերեալ ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցութիւնները հանդէս են եկել յայտարարութիւններով, ընդունուել է խորհրդարանի նախնական եզրակացութիւն, որը, հաւանաբար, ամփոփումներից յետոյ կարող է որպէս վերջնական փաստաթուղթ ներկայացուել ԱԺ հաստատմանը: Եւ դա կը լինի կարգաւորման մասին խորհրդարանի արդէն լիովին համաձայնեցուած վերաբերմունք:

 «ԱՌԱՒՕՏ».-  ԼՂՀ Սահմանադրութիւնը երաշխաւորում է Ղարաբաղի տարածքային ամբողջութիւնը, սակայն բանակցային գործընթացում քննարկուող բոլոր առաջարկներում կասկածի տակ է դրւում Ղարաբաղի տարածքային ամբողջութիւնը: Այդ կապակցութեամբ ինչ է մտադիր ձեռնարկել ԼՂՀ խորհրդարանը:

 ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԷՍԵԱՆ.-   Այդ հարցի պատասխանն էլ, կարծում եմ, կը տայ Ազգային ժողովի եզրակացութիւնը: Մի բան, սակայն, կարող եմ ասել. ԱԺ խմբակցութիւնների յայտարարութեան մէջ ընդգծուած է, որ հարցի լուծումը մեզ համար պատկերւում է որպէս ԼՂՀ անկախութեան միջազգային ճանաչում մեր ժողովրդի համար ընդունելի սահմաններում՝ անվտանգութեան ազգային համակարգի գերակայութեամբ:

 «ԱՌԱՒՕՏ».- Ի՞նչ էք կարծում, արդեօք Հայաստանը ի վիճակի՞ է հասնել բանակցութեան Ղարաբաղի մասնակցութեամբ լիարժէք ձեւաչափին, եւ արդեօք Հայաստանն ո՞ւնի այդպիսի ցանկութիւն:
 ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԷՍԵԱՆ.-   Կարծում եմ՝ այո, Հայաստանը նման ցանկութիւն ունի: Իսկ հնարաւորութիւնների մասին իմ կողմից դատողութիւններ անելը կոռեկտ չէր լինի:

 «ԱՌԱՒՕՏ».-  Հայաստանի իշխանութիւնը հաւաստիացնում է, որ բանակցային գործընթացը գնում է հայկական կողմի համար նպաստաւոր ուղղութեամբ: Դուք համաձա՞յն էք այդպիսի տեսակէտին:
 ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԷՍԵԱՆ.-   Եթէ գնահատում ենք համեմատութեան մէջ՝ նկատի ունենալով կարգաւորման գործընթացի դինամիկան (զարգացման տրամաբանութիւնը-Խմբ.) եւ մեթոդաբանութեան էւոլիւցիան (զարգացումը-Խմբ.), ապա՝ այո, համաձայն եմ: Ի վերջոյ, Հայաստանի արտաքին քաղաքականութեանը յաջողուել է «լիսաբոն»ից հասնել «մադրիդեան սկզբունքների», եւ բարոյական չէր լինի, եթէ այդ մասին առաջինը չխոսէինք մենք՝ ԼՂՀ քաղաքական ուժերի ներկայացուցիչներս:

 Այլ բան է, որ մենք շատ զգայուն ենք  եւ երբեմն դժուարանում ենք գործընթացը եւ նպատակը տարբերակել: Այստեղ է, որ ծագում է Հայաստանի եւ ԼՂՀ քաղաքական շրջանակների խորհրդատուութիւնների, ինչու ոչ, նաեւ՝ փոխլրացման անհրաժեշտութիւն:

 «ԱՌԱՒՕՏ».-  Եւ վերջին հարցը Ղարաբաղի խորհրդարանի ներքին իրավիճակի մասին: Կարելի է արդեօք խօսել այն մասին, որ խորհրդարանի ուժերի միջեւ խորը տարաձայնութիւն կայ Ղարաբաղի հակամարտութեան տարբերակների վերաբերեալ:
  ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԷՍԵԱՆ.-   Ոչ:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top