Բանակցութիւնները Արցախահայութեան Կամքին Համապատասխանեցնելու Կոչ

 

 Ընդդիմադիր Ժառանգութիւն կուսակցութիւնը տարածած է յայտարարութիւն մը՝ ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ, ուր նշուած է, թէ կուսակցութիւնը՝ «Համամիտ է միջնորդների եւ միջազգային կազմակերպութիւնների այն մօտեցմանը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ուղիները պէտք է գտնեն հէնց հակամարտութեան կողմ հանդիսացող հասարակութիւնները՝ Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում եւ Ադրբեջանում, իսկ միւս բոլոր պետութիւնները, որոնք կողմերին օգնում են այդ հարցում, կարող են հանդէս գալ միայն միջնորդների դիրքերից եւ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների կատարման երաշխաւորի դերում.

 – Անթոյլատրելի է համարում որոշ միջնորդների, պետութիւնների ղեկավարների կողմից խնդրի նկատմամբ հաւասարակշիռ մօտեցումը խաթարող եւ խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչմանը վերաբերող յայտարարութիւնները, որոնք փաստացի քաջալերում են Ադրբեջանին՝ նախապատրաստուել պատերազմի.

 – Անվիճելի է համարում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էութիւնը նրա կարգավիճակի միջազգային ճանաչումն է, ինչը բխում է միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքից՝ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքից, եւ որը չի շրջանցուել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներում.
 – Մտահոգուած է, որ տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական գործընթացներում ներքաշուած գերտէրութիւնների կողմից Ադրբեջանի շահերի բաւարարման նկատառումներով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման բանակցութիւններում հակամարտութեան տարածքային բաղադրիչն անհիմն վերածուել է գերակայ խնդրի.

 – Վերստին ուշադրութիւն է հրաւիրում միջազգայնօրէն վաւերացուած այն փաստի վրայ, որ Լեռնային Ղարաբաղը դեռեւս 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում ճանաչուել է հակամարտութեան ինքնուրոյն կողմ, եւ 1998ից մինչեւ այժմ ընթացող երկկողմ հանդիպումներն ու «զրոյցները» չեն կարող բանակցութիւններ համարուել նոյն բուդապեշտեան գագաթնաժողովի փաստաթղթերի համաձայն, քանի դեռ դրանց ուղղակիօրէն չի մասնակցում ԼՂՀն՝ իբրեւ հակամարտութեան անմիջական կողմ.
 – Յիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային սահմանազատման հիմնախնդրով իրաւասու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան օրինական ընտրուած ղեկավարութիւնը, եւ Հայաստանը ընդամէնը կարող է օժանդակել ԼՂՀի ու Ադրբեջանի միջեւ ծագած այս հարցի կարգաւորմանը:

 Հակամարտ իրավիճակի վերջնական կարգաւորման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ռազմական գործողութիւնների վերսկսման վտանգը կանխելու, ինչպէս նաեւ հակամարտութեան կողմերին որեւէ լուծում պարտադրելն ու նրանց ներքին գործերին որեւէ կողմնակի միջամտութիւնը բացառելու ակնկալիքով Ժառանգութիւն կուսակցութիւնը յայտարարում է.

 1. ԼՂՀ անվտանգութեան երաշխաւորի պարտաւորութեան ստանձնման շրջանակում հայաստանեան կողմը պէտք է բանակցութիւնների ձեւաչափն ու բովանդակութիւնը համապատասխանեցնի արցախահայութեան կամքին: Հայաստանը պէտք է ճանաչի ԼՂՀ օրինական իշխանութեան բացառիկ իրաւունքներն ու պատասխանատուութիւնը, իսկ Ադրբեջանի հետ իր բանակցութիւններում առաջնային դիտարկի ԼՂՀ անկախ կարգավիճակի եւ անվտանգութեան խնդիրը:

 2. Հակամարտութեան կարգաւորման ու ռազմական գործողութիւնների վերսկսման վտանգի կանխարգելման առումով ամենաարդիւնաւէտ քայլն ենք համարում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում պետական, քաղաքական ու հասարակական շրջանակների՝ միջնորդներին ու միջազգային կազմակերպութիւններին ուղղուած ԼՂՀ անկախութիւնը ճանաչելու կոչը եւ միջազգային հանրութեան կողմից այդպիսի ճանաչումը: Ընդ որում, այդ ուղղութեամբ առաջին քայլը պէտք է լինի ԼՂՀ անկախութեան ճանաչումը Հայաստանի կողմից՝ իբրեւ միջազգային հանրութեան անդամ, եւ նրա կողմից միջազգային ասպարէզում այդ ուղղութեամբ ջանադիր աշխատանքի նախաձեռնումը:
 Ժառանգութիւն կուսակցութիւնը Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարութեանը կոչ է անում միանալ այս նախաձեռնութեանը՝ վստահ լինելով, որ առաջարկուած քայլերը բխում են քաղաքական-հասարակական շրջանակների հռչակած նպատակներից, եւ անհրաժեշտ պայման են հայ ժողովրդի օրինական իրաւունքների արժանի պաշտպանութեան համար»:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top