Նիկոլ Աղբալեան՝ Մեծ Հայն Ու Մտաւորականը

ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ

Շուրջ երկու տասնամեակ առաջ էր, որ «Ասպարէզ»ում տպագրուեց բանասիրական գիտութիւնների դոկտոր Գառնիկ Անանեանի ծաւալուն յօդուածը՝ «Նիկոլ Աղբալեան կամ վերականգնենք  մեր յիշողութիւնը» վերնագրով: Ուրախութեան եւ զարմանքի խառն զգացումներով կարդացինք յօդուածը. չէ՞ որ դա առաջին եւ խիզախ անդրադարձն էր հայրենի մտաւորականների կողմից՝ Աղբալեանի նման մեծ անհատականութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նշանաւոր գործիչներից մէկի գործունէութեան  մասին, այն էլ՝ խորհրդային իշխանութեան օրօք:   Անմիջապէս  մեր  մտածումները  գնացին տասնամեակներ  յետ, դէպի անցեալը, Երեւանի Պետ. Համալսարանում ուսանելու տարիները, երբ  դասախօս  Գ. Անանեանից առաջին անգամ լսեցինք նրա մասին: Նա  ոգեւորութեամբ եւ ազնուօրէն  էր խօսում, յաճախ յիշեցնելով ուսանողներին, որ  նրանք պէտք է իմանան եւ յիշեն մեծ հայ եւ մտաւորական Ն. Աղբալեանի անունը: Այն ժամանակ իսկական խիզախութիւն էր փակ գզրոցներում յայտնուած  նրա անուան յիշատակումն անգամ:

Նիկոլ Աղբալեանը ծնուել է 1875ին, Թիֆլիսի նշանաւոր Հաւլաբար թաղամասում: Ուսանել է Ներսիսեան դպրոցում եւ Գեւորգեան ճեմարանում, ապա՝ Մոսկուայի եւ Լոզանի համալսարաններում: Կարճ ժամանակով հետեւել է Սորպոնի համալսարանի դասախօսութիւններին: Զբաղուելով ուսուցչութեամբ, շրջագայել է Հայաստանի մի շարք գիւղերում, ինչպէս նաեւ՝ սփիւռքի հայաշատ կենտրոններում: Վերադառնալով Թիֆլիս, ակտիւ մասնակցութիւն է բերել գրական-հասարակական կեանքին, միաժամանակ աշխատակցելով իր ժամանակի թերթերին  ու  պարբերականներին: 1905ին մաս է կազմել Յովհաննէս Թումանեանի «Վերնատան»ը, մօտիկից շփուելով հայ գրականութեան մեծերի հետ:  Եղել է արտասահմանի մի շարք քաղաքներում՝ Լոզան, Փարիզ, Ալեքսանդրիա, Գահիրէ, Ս. Պետերբուրգ, Թեհրան, Պէյրութ, եւ այդ վայրերից նամակակցել է ընտանիքի եւ մտաւորական ընկերների հետ:

Իր իսկ տեղեկութիւնների համաձայն, ինչպէս վկայում է «Յուշապատում ՀՅ Դաշնակցութէան» հատորը, Աղբալեանը վարել է Թեհրանի Համայնական Խորհրդի նախագահի պաշտօնը, ապա եղել է անդամ Ազգային Բիւրոյի, փոխ-նախագահ՝ Հայ Գրողների Ընկերութեան, Թիֆլիսում, անդամ՝ Հայաստանի Պառլամենտի, Հայաստանի Հանրապետութեան լուսաւորութեան եւ կրթութեան նախարար, նախագահ Կարսի Մայիսեան ապստամբութիւնը վերաքննող յանձնախմբի, Շարուրի ցանքերի բաշխման եւ օգտագործման վարիչ: 1904ից սկսած գործուն անդամ է եղել ՀՅ Դաշնակցութեան: Մասնակցել է կուսակցութեան  ընդհանուր եւ շրջանային ժողովներին:
Նկատի ունենալով սփիւռքի աշխարհատարած հայութեան ազգային դիմագծի, ինչպէս նաեւ՝ հայ մշակոյթի պահպանման կարեւորութիւնը, 1928ին  Լ. Շանթի, Հ. Օհանջանեանի եւ Գ. Իփէկէանի հետ միասին Գահիրէում հիմնել է  «Համազգային»ը, իսկ յետագայում,  Լ. Շանթի հետ միասին հիմնում են  Պէյրութի Նշան Փալանճեան Ճեմարանը, ուր պաշտօնավարելու տասնեօթ տարիների ընթացքում նա հրատարակել է «Բանասէրի Յուշատետրը», գրական, քննադատական  ուսումնասիրութիւններ, «Սայեաթ Նովայի հետ» վերլուծական աշխատութիւնը, հանդէս է եկել հայոց լեզուի եւ մատենագրութեան, հայ գրականութեան պատմութեան վերաբերեալ բանախօսութիւններով, որոնք յետագայում ամփոփուել են չորս հատորների մէջ:

Հետաքրքիր է կարդալ չորրորդ հատորում ամփոփուած յատկապէս՝ Հայոց Ազգն ու Աշխարհը, Հայոց  Լեզուն, Հայ Ազգը եւ իր բնավայրը խորագիրը կրող եւ միւս  ուսումնասիրութիւնները, համոզուելու համար թէ որքան խորն է Աղբալեանի իմացութիւնը իր ժողովրդի պատմութեան, նրա շքեղ անցեալի, մանաւանդ նրա  խիզախ ոգու եւ ազգային ինքնագիտակցութեան  մասին: «Հայ ազգը եւ իր բնավայրը» գրութեան մէջ  կարդում ենք հետեւեալ տողերը. «Այս Է դարու մտաւորականութիւնը  եւ ժողովուրդը  թէեւ  դրական արդիւնքներով չեն յիշատակած, թէ իրենք՝ իրենց անցեալի մասին գաղափար ունին, բայց իրենց գործերը ցոյց կու տան, որ իրենք ունին իրենց անցեալի մեծութեան  գիտակցութիւնը, ինչ որ իրենց գիտական յատկութիւններէն մէկն է»:  Իր շահեկանութեան համար կատարենք հետեւեալ մէջբերումը. «Վէս, հպարտ, յաղթական եւ հին քաղաքակրթութիւն ունեցող, անկախութեան զօրաւոր ոգիի տէր ժողովուրդի մը զգացումը կայ գրականութեան մէջ: Մեր մտաւորական դասը  ունի մեծ ազգի մը զաւակը եղած ըլլալու գիտակցութիւնը»: Սոյն տողերը կարծէք գրուած են հէնց իր համար: Աղբալեանն այն քչերից էր, ով  իր մէջ խտացնում էր այդ գծերը եւ հպարտ էր իր ծագումով, ում խօսքն ու գործը  ընթացել են միասին:

Հնագէտի նման, որ  շերտ առ շերտ պեղումներ է կատարում իր փնտռածը գտնելու համար, նա եւս գնում է յետ, պատմութեան խորքը, նախքան վերլուծման ենթարկելու հայ գրականութեան զարգացումն ու յետագայ ճակատագիրը, նա ծագումնաբանական հարուստ տեղեկութիւններ է հաղորդում դեռեւս նախաուրարտական շրջանից հին ցեղերի՝ խալդերի, միտանիների, իսկ յետագայում՝  հայասա, արմէն  խմբերի  եւ  մեր ժողովրդի կազմաւորման մէջ նշեալ խաւերի համարկման մասին:

Ըստ Աղբալեանի, Հայոց  բուն ազգը, որ հնուց  էր գալիս, երկու դասակարգ ունէր.- ազատն ու շինականը: «Այդ ազատանին էր, որ հաւաքուած էր իր աւագանու շուրջը եւ նրա դրօշի տակ՝ պաշտպանած էր իր աշխարհը եւ արշաւած հեռուներ»: Շարունակելով իր մտածումները, նա գտնում է, որ՝  «Վէս ու անձնապաստան՝ նա յաճախ եղած էր ըմբոստ եւ անհնազանդ թէ բնիկ եւ թէ օտար իշխանութեանց հանդէպ եւ այս նկարագրով ու պահուածքով հասած էր մինչեւ այն օրերը, երբ յօրինուեցան հայ գրերն ու հիմքը դրուեց  Հայոց գրականութեան: Իր լաւագոյն տիպարների մէջ իր խիզախ ու վէս ոգին նոյնացած է երբեմն ազգային գիտակցութեան հետ եւ յաճախ իր պահուածքով  նա դարձած է ներկայացուցիչը Հայոց ազգայնութեան: Իր բերանով երբեմն խօսած է բովանդակ ազգը եւ իր վարմունքի մէջ փայլած է բովանդակ ազգի նկարագիրը  եւ այդպիսով ազգն ու ազատանին  նոյնացած են եւ դասակարգերից  մէկը դարձած է ողջ ազգի պատկերը»:  Անկասկած, որ նա նկատի ունի մեր ազգի լաւագոյն յատկանիշները կրող եւ ողջ ազգի  պատկերը  ներկայացնող, Հայոց պատմութեան եզակի երեւոյթներից մէկը՝ ֆետայիների սերունդը, որի պատմութիւնը  սերտօրէն առնչւում է ՀՅ Դաշնակցութեան պատմութեան հետ:

Իր ժողովրդի եւ հայրենիքի ապագան որպէս գործունէութեան ելակէտ ընդունելով, Աղբալեանն ապրել ու գործել է իր  դաւանած սկզբունքների համաձայն, որոնք  շարադրուած են «Մտածումներ ՀՅ Դաշնակցութեան մասին» եւ «Մեր կանոնագիրը» խորագիրը կրող գործերում, որոնք առանձին  գրքոյկով լոյս են ընծայուել Լոս Անճելըսում, 1987ին, ՀՅԴ «Գ. Նժդեհ»  Կոմիտէի նախաձեռնութեամբ: Մեծ հայի սկզբունքայնութեան,  խօսքը գործի վերածելու իր յանձնառութեան մասին են վկայում գրքում տեղ գտած իր հետեւեալ տողերը.  «Ամէն ջանք թափելու գաղափարի մէջ շատ աւելի ծանրակշիռ պարտականութիւններ են մտնում քան կուսակցական  տուրքի հատուցումը, անտեսումն ընտանեկան եւ անձնական բարօրութեան, արհամարհանք դիրքի եւ ազդեցութեան, ժխտում ամէն բարեկեցութեան եւ ապահով կենցաղի, վերջապէս  գերագոյնը՝ մահ, բոլորը մտնում են «ամէն ջանքի» մէջ»:  Սրանք միայն խօսքեր չեն. նրա կեանքը աստանդական, իսկապէս անձնական բարօրութիւնից  եւ ապահով կենցաղից զուրկ տարիներ են եղել:

Վերջերս «Ապրիլ» գրատնից գնեցի Ն. Աղբալեանի  «Նամակներ, Պաշտօնական գրութիւններ» գիրքը (Երեւան, 2003): Այն կազմել, առաջաբանը եւ ծանօթագրութիւնները հեղինակել է Գառնիկ Անանեանը: Ժողովածուն ընդգրկում է Երեւանի, Պէյրութի եւ Պոսթընի պաշտօնական արխիւներում գտնուող եւ մասնաւոր անձերից հաւաքած 151 նամակ, 79 պաշտօնական գրութիւն:

«Այս ժողովածուն կ՛օգնի  ամբողջացնելու կերպարը  Նիկոլ Աղբալեանի, մի մարդու, որ 20րդ դարի առաջին կէսի նշանաւոր իրադարձութիւնների կենտրոնում էր, յաճախ՝ նրանց կազմակերպիչը: Պրոֆէսիոնալ քննադատ էր ու գրականութեան պատմաբան, փայլուն հռետոր էր ու հմուտ մանկավարժ, քաղաքական գործիչ, կրքոտ հրապարակախօս», գրուած է գրքում:

Նամակները նոր լոյս են սփռում ոչ միայն Աղբալեանի գրական, հասարակական-քաղաքական կեանքի, այլեւ՝ նրա աստանդական կեանքի դժուարին ուղու վրայ:  Այս առումով արժէքաւոր է սոյն գիրքը, որ պարունակում է շատերի համար դեռեւս անծանօթ, մեծ մտաւորականի նամակները եւ պաշտօնական գրութիւնները, որոնք վկայութիւնն են օտար երկրներում, նիւթական մեծ կարիքի մէջ անցկացրած  նրա թափառական կեանքի մասին: Նիւթական ամէնօրեայ հոգսերը չեն խաթարել նրա անբասիր նկարագիրը: Նամակներից մէկում նա խոստովանում է. « Ես բնաւ չուզեցայ աղճատել իմ բնաւորութիւնը գրականութեան համար: Նախ՝ մարդ, յետոյ հեղինակ. այս եղաւ իմ սկզբունքը»:

Ն. Աղբալեանը նամակագրական կապի մէջ է եղել՝  Լէոյի, Յովհ. Թումանեանի, Համազասպի, Վ. Նաւասարդեանի, Ս. Վրացեանի եւ այլոց հետ: Նամակներում մշտապէս խօսում  է դրամի պակասութեան մասին, երբ ստիպուած է լինում պարտք վերցնել ուրիշներից՝ սենեակի վարձը եւ գրքերի համար վճարելու նպատակով: Բայց, այնուամենայնիւ, նիւթական դժուարութիւնները  յաղթահարելու կողքին, նա պէտք է գրէր իր լաւագոյն գործերից մէկը՝ Հայոց գրականութեան պատմութիւնը: Պատմութիւն, որն իրաւամբ կարող է այսօր որպէս դասագիրք ծառայել մեր մատաղ սերնդի ազգային դաստիարակութեան համար:

Իր հոգեկան կորովը պահած, Ալեքսանտրիայից գրուած նամակում ոգեշնչուած գրում էր՝ «Դու չէս կարող երեւակայել, թէ ինչ հորիզոններ են բացւում իմ գիւտերի շնորհիւ հայերէնի հետազօտութեան բնագաւառում: Իմ գտած օրէնքները  քիմիական ռէակցիաներ են, որ կաթեցնում ես բառերի վրայ թէ չէ, իսկոյն լուծւում են եւ իրենց բաղադրիչ տարրերը երեւան բերում»: Հետաքրքրական է 1932ին Պէյրութից գրած նամակը, որ վկայում է հիւծիչ եւ նիւթական ծանր պայմանների մասին, ուր ապրել եւ ստեղծագործել է Աղբալեանը.  «Անցեալ տարի ոչ մէկ կոպէկ  ռոճիկ եմ ստացած. ապրած եմ նախանցեալ տարուանից մնացած  ռոճիկով. ամառը վրանի մէջ եմ ապրած՝ մենակ, մի սարի կողին՝ գիշերները շնագայլերի  ձայների տակ քնելով եւ իմ կերակուրս  ինքս պատրաստելով»: Շարունակելով նամակը, նա աւելացնում է. «Ես ընդհանուր առմամբ  վատ չեմ, բայց գլուխս արիւն է խուժում չափազանց մտաւորական  լարումից եւ դրամական վիճակս վատթարացած է»:

Բացի նամակներից, գրքի երկրորդ բաժնում ամփոփուած են Ն. Աղբալեանի պաշտօնական գրութիւնները՝ օրինագծեր, նախահաշիւներ, այն ժամանակուայ Մինիստրների Խորհրդին եւ այլոց ուղղուած նամակներ: Զբաղեցնելով Կրթութեան եւ Արուեստի Նախարարի պաշտօնը, նա ծաւալել է ազգօգուտ գործունէութիւն, ցուցաբերելով իր կազմակերպչական կարողութիւնները: Այդ են վկայում այն օրինագծերը, դիմումներն ու նամակները, որոնցից մի քանին կը ներկայացնենք ընթերցողին:

Օրինագիծ՝ Ս. Էջմիածնի Գէորգեան Ճեմարանը աստուծաբանական ֆակուլտետի  վերածելու մասին: Մէկ այլ օրինագիծ՝ «Հայ գրողներին, գիտնականներին ու հրապարակախօսներին նպաստ տալու մասին» եւ «Ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու մասին»: Այստեղ է նաեւ Մինիստրների Խորհրդին յղած նամակը, որով յայտնում է Երեւանի մէջ յարմար շէնքեր չգտնելու պատճառով, Հայաստանի առաջին համալսարանը առժամապէս Ալեքսանդրապոլ տեղափոխելու մասին: Հետաքրքրական է նրա դիմում-նամակը ուղղուած ամերիկահայութեան՝ Հայաստանի նորաստեղծ հանրապետութեան կրթական գործին օժանդակելու նպատակով նիւթական աջակցութիւն ցուցաբերելու համար: Լաւատեսութեամբ տոգորուած իր նամակն աւարտում է հետեւեալ տողերով. «Այն սերունդը, որ տեսաւ խորտակումը սուլթանական եւ ցարական բռնութեան եւ վկան եղաւ ազատագրութեան մեծ պայքարների՝ պէտք է որ մեծանայ եւ զօրանայ կրթական լաւագոյն պայմաններում ազատ Հայաստանին արժանի:  æանանք սերմանել  մեր աւեր երկրում բարին, ճշմարիտն ու գեղեցիկը,  սպասելով առատ հունձք  մեր արի եւ տոկուն ժողովրդի հետ միասին»:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 120ամեակի կապակցութեամբ Նիկոլ Աղբալեանի մասին սոյն յօդուածը  պատահական չէ: Հայ ժողովրդի մեծանուն զաւակներից էր նա, իր ազգային պատկանելիութեամբ հպարտ Մեծ Հայ  եւ բազմատաղանդ մտաւորական, հաւատաւոր դաշնակցական, կուսակցութեան սկզբունքները սեփական օրինակով գործի վերածող  տիպար  գործիչներից  մէկը:

Այսօր, երբ ազգովին կանգնած ենք  մեր գոյութեանն սպառնացող բազմաթիւ վտանգները  դիմագրաւելու հարկադրանքի առջեւ, յիշենք մեծն Աղբալեանի նշանակալից խօքերը, որոնք  վերաբերում  են ոչ միայն դաշնակցական, այլեւ՝  իր ժողովրդի ու հայրենիքի ճակատագրով մտահոգ  իւրաքանչիւր հայ անհատին. «Ամէն մի դաշնակցական կոչուած է Սասունցի Դաւթի նման թուր կայծակին շարժելու Մսրայ Մելիքի դէմ. Նա պարտաւոր է հոգալ թէ իր բազկի, զօրութեան մասին՝ բարոյական տիպարը  մշակելով իր մէջ եւ թէ կայծակէ  թուրի զօրութեան մասին‘ «ամէն ջանք թափելով», որ նա չգուլանայ եւ չժանգոտի անտեղի եւ անվայել գործերի մէջ, այլ միշտ սրբած ու պատրաստ՝ ասպետական  անշահախնդիր ձեռքի մէջ, օրհասական պայքարների օրերին՝ իջնի թափով ու զարկէ սարսափով»:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top