ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍԱՀԱՅ ՆԵՐԴՆՈՂԻ ՈԴԻՍԱԿԱՆ
Սարդոստայն. Էլիտար Շէնքեր, Էլիտար Խարդախութիւններ
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդեանը նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսեանին եւ ներկայացրել, թէ ինչ ճակատագրի են արժանացել իր հայաստանեան ներդումները:
Էդմոնդ Խուդեանն իր ծանօթների եւ ընկերների յորդորով որոշել է ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում: Նա 2003 թ.ից իր ֆինանսական միջոցների մի մասը տեղափոխել է այստեղ եւ ներդրումներ կատարել անշարժ գոյքի եւ այգեգործութեան ոլորտում՝ հիմնել է խաղողի եւ պտղատու ծառերի այգիներ: Է. Խուդեանը մեզ հետ հեռախօսազրոյցում յայտնեց, որ ինքը վստահել է իրեն Հայաստանում ներդումների առաջարկ անողին:
«Ես հրաւիրուած էի հանրային հեղինակութիւն ունեցող անձի կողմից, եւ նա երաշխաւորեց, որ հերթական զոհի կարգավիճակում չեմ յայտնուի, իսկ այդ անձի դիրքը եւ հեղինակութիւնը բաւարար էին իր խօսքին վստահելու համար», գրել է Է. Խուդեանը նախագահ Ս. Սարգսեանին ուղղուած նամակում:
է. Խուդեանը 2005 թ. Նոյեմբերին Հայաստանում հիմնադրել է «Արին կապիտալ» Սահմանափակ Պատասխանատուութեան Ընկերութիւն (ՍՊԸն): 2007 թ. Դեկտեմբերից ընկերութիւնը նախաձեռնեց Երեւանի Մաշտոցի պողոտայի 33ա եւ 33/1 հասցէներում Էդմոնդ Խուդեանի ձեռք բերած 1.923,6 քմ մակերեսով հողամասի վրայ կառուցուած 10.5 յարկանի բազմայարկ շէնքի կառուցապատման յետագայ աշխատանքները: Է. Խուդեանի հիմնական գործընկերն է դարձել մի քանի շինարարական կազմակերպութիւնների փաստացի սեփականատէր Վլադիսլաւ Մանգասարեանը: Ընկերութեան տնօրէն է նշանակուել Է. Խուդեանի մանկութեան ընկերը՝ Էդուարդ Եսայեանը:
«Դրանից յետոյ, պայմանաւորուածութեան համաձայն, «Արին կապիտալ» ՍՊԸում ունեցած իմ 100% բաժնեմասերի 21.3%ը Վ. Մանգասարեանի ցուցումով փոխանցել եմ Հայկազ Սարգսեանին, իսկ 17.6%ը՝ Ղեւոնդ Ղալումեանին, որոնցից Վ. Մանգասարեանը, որպէս շինարարական կազմակերպութիւնների ղեկավար, յանձն էր առել շինարարութիւնն աւարտին հասցնելը, իսկ Ղ. Ղալումեանը՝ հարկային եւ պետական այլ մարմինների հանդէպ պարտաւորութիւնների պատշաճ կատարումը եւ Ընկերութեան բնականոն գործունէութեան ապահովումը», գրել է Խուդոյեանը:
Այս պատմութիւնն այնքան խճճուած եւ այնքան բազմադրուագ է, որ այն հասկանալու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է ներկայացնել «գործող» անձանց եւ որոշ նախապատմութիւն:
Ով է Վլադիսլաւ Մանգասարեանը: Նրա աշխատանքային ուղին թոյլ է տալիս եզրակացնել, որ դեռես խորհրդային տարիներին մեծ կարողութիւն է ունեցել: Վլադը, նրան այդպէս են դիմում ընկերները, եղել է «Երեւանշին» ձեռնարկութեան կառավարչի տեղակալը: Իր տարբեր ընկերների մօտ Վ. Մանգասարեանը միշտ հպարտութեամբ նշում է, որ 600 հազար քմ. շինարարութիւն է իրականացրել իր կեանքում: Էլիտար շինարարութեան բումի (ծաղկման-Խմբ.) ժամանակ Վ. Մանգասարեանը սկսեց շէնքեր կառուցել ինչպէս Երեւանի կենտրոնում, այնպէս էլ քաղաքի այլ հատուածներում: Դրանց մի մասն առայսօր անաւարտ է, Վ. Մանգասարեանն այժմ էլ էլիտար շէնք է կառուցում Դաւիթաշէն թաղամասում: Նա է «ՎԷՌՄ» շինարարական կազմակերպութեան փաստացի ղեկավարը, ղեկավարում է նաեւ «Կամար» ՍՊԸն: Վ. Մանգասարեանը հանդիսանում է նաեւ «ՎԷՌՄ» եւ «Կամար» ՍՊԸների հիմնադրած «ՎՄԳ Գրուպ» Եակ բաժնետիրական Ընկերութեան (ՓԲԸի) իրական սեփականատէրն ու ղեկավարը: Երեւանի քաղաքացիական դատարանի 08.01.2009 թ. վճռով Վ. Մանգասարեանը սնանկ է ճանաչուել:
2004 թ. Վ. Մանգասարեանը Տէրեան 4ա հասցէում կառուցում է շէնք, այնտեղ բնակարան ձեռք բերելու պայմանագիր կնքած 16 անձանց նա առայսօր չի ապահովել բնակարանով, վերջիններս անընդհատ բողոքում են եւ Վ. Մանգասարեանից պահանջում իրենց բնակարանները կամ վճարած գումարները: Այս շէնքի տարածքի հետ կապուած ուշագրաւ պատմութիւն կայ: Տարածքը դեռեւս 90ականներին ձեռք է բերել Ղեւոնդ Ղալումեանը: Շէնքը որոշում են կառուցել երեք մասնակիցներով Արսէն Ղազարեան, Ղեւոնդ Ղալումեան եւ Վլադիսլաւ Մանգասարեան: Ղ. Ղալումեանը, որը ոստիկանութեան պաշտօնաթող գնդապետ էր եւ աշխատել է 6րդ վարչութիւնում, ժամանակին խնդիրներ է ունեցել այն ժամանակուայ ՆԳ նախարար Վանօ Սիրադեղեանի հետ, արդիւնքում լքել է Հայաստանը: Վ. Մանգասարեանը, գումարները հաւաքելով, ապագայ բնակիչներից Արսէն Ղազարեանի հետ կառուցում է այդ շէնքը: Երբ Վանօ Սիրադեղեանը լքեց Հայաստանը, երեք տարի անց Հայաստան վերադարձաւ Ղեւոնդ Ղալումեանը եւ Վ. Մանգասարեանից պահանջեց իր մասնաբաժինը, որը, ըստ նախնական պայմանաւորուածութեան, կազմում էր 1 մլն. դոլար: Այդ ժամանակ Վ. Մանգասարեանն ինչ-որ գործի շրջանակում յայտնւում է ոստիկանութիւնում եւ Ղ. Ղալումեանի միջնորդութեամբ ազատւում: Ղեւոնդ Ղալումեանը Երեւանի կաբելի գործարանի հիմնական բաժնետէրն է, բաժնետոմսերի 80%ը պատկանում է նրան, ունի նաեւ շինարարական կազմակերպութիւններ: Հայաստան վերադառնալով՝ նա Վ. Մանգասարեանից պահանջում է իր փողը, իսկ Վլադիսլաւը փող չունէր: Ընդհանրապէս Վ. Մանգասարեանի մասին նրա նախկին ընկերները պատմում են, որ մեծ գումարներ է կորցրել կազինոներում: Նրանք հաւաստում են, որ եթէ Վ. Մանգասարեանը խաղամոլ չլինէր, այժմ մեծ կարողութիւնների տէր կը լինէր: Վ. Մանգասարեանը հէնց այդ ընթացքում «Ակունք» բանկին պարտք էր մօտ 5 մլն. ԱՄՆ դոլարին համարժէք վարկային գումար: 2009 թ. Դեկտեմբերի 29ին ԿԲ խորհուրդը որոշեց «Ակունք բանկ» ՓԲԸ բանկը լուծարուած եւ գործունէութիւնը դադարած համարել: Այս բանկի ոդիսականն առանձին պատմութիւն է՝ լի բազմաթիւ քրէական դրուագներով:
Իսկ ինչպէս են այս պատմութիւններն առնչւում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդեանի գործունէութեանը, եւ ովքեր են խորհուրդ տուել նրան ներդրում կատարել շինարարութեան մէջ, ում է տարածքներ տուել եւ վաճառել Վլադիսլաւ Մանգասարեանը Մաշտոցի 33ա եւ 33/1 հասցէի շէնքերում: Այս մասին՝ յետագային: Նշենք, որ Էդմոնդ Խուդեանը դիմում է ներկայացրել Պետական եկամուտներու կոմիտէի (ՊԵԿի) նախագահ պարոն Գագիկ Խաչատրեանին, եւ այս օրերին Վ. Մանգասարեանն ու Է. Եսայեանը բացատրութիւններ են տալիս Պետեկամուտների կոմիտէի հետաքննիչներին:
Էդմոնդ Խուդեանի ներկայացուցիչ Անի Թորոսեանը նամակով դիմել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրեանին՝ ներկայացնելով ներդրումային ծրագրի բոլոր մանրամասները, եւ խնդրել է պարզել, «թէ ում գործողութիւնների արդիւնքում է ներկայումս «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸն ծանրաբեռնուել հսկայական հարկային պարտաւորութիւններով եւ մեղաւոր անձանց ենթարկել քրէական պատասխանատուութեան»:






