Յաղթանակի Լոյսը Թէեւ Ուշ, Բայց Փայլում Է
ԼՈՒՍԻՆԷ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ
Ո՞վ է հայը. դարի ժառանգորդն է հայը: Դարերի խորքում արմատ ձգած, դեռեւս Նոյի ժամանակներից ծնունդ առած ժողովուրդ, որ կարծես Աստծոյ ընտրեալ էր: Աստուած հայ ժողովրդին պարգեւեց ե՛ւ պանծանք ու ուրախութիւն, ցաւ ու մաքառում, բայց այդ մաքառումների փշոտ ճամբան չխոչընդոտեց հայերին դարերի խառնարանում ձեւաւորուել, դառնալ ժողովուրդ, որ իր ծնունդից սկսած ունէր իր ուրոյն դէմքն ու վարքը, մշակոյթը եւ պատմութիւնը:
Մեր պատմութեան էջերը լի են եղել փառահեղ ու ցնծացող, ինչպէս նաեւ անկումնալից ու մարող ելեւէջներով: Եղել են ժամանակներ, երբ մենք կարողացել ենք ստեղծել մեր ինքնութիւնը հաստատող գիրն ու գրականութիւնը. յիրաւի հզօր էր Հայաստանը հինգերորդ դարում: Յետոյ շատ զաւթիչներ ցանկացան խորտակել այդ մեծ հարստութիւնը թէ՛ նիւթական, թէ՛ հոգեւոր արժէքների առումով: Ոմանց յաջողուել է, իսկ ոմանց՝ ոչ: Եղել է նաեւ ժամանակ, երբ մենք անկախ պետականութիւն ենք ձեռք բերել մեր հողից դուրս՝ պատմական Կիլիկիա աշխարհում: Դա էլ երկար չտեւեց. յետոյ գալու էր երանելի մի ժամանակ, երբ հայերը վերստին պիտի ստեղծէին լիարժէք անկախ պետութիւն: Պատմութիւնը, որ ամենամեծ վկան է ժողովրդի ցաւերի ու տառապանքների, տեսել է հայերի անմիաբան լինելը: Բայց Մայիս ամսին, կարծես, մի ներքին զօրեղ ուժ միաւորեց հայերին յանուն մի գաղափարի՝ ստեղծել անկախ, ինքնուրոյն, պետականօրէն ձեւաւորուած հայրենիք:
Միասնական պայքարն էլ ցոյց տուեց պետութեան ստեղծման առաջին ծիլերը. յաղթանակներն էին հիմք դառնալու այդքան մեծ երազանքի իրականացմանը: Յաղթանակներ, որոնք տեղի ունեցան Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում եւ այլուր: Ու արդէն հասունացել էր պահը, որում պայքարի արիւնն էր եռում եւ անվերջ գոչում՝ անկախութիւն:
1918թ. Մայիսի 28…Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադրում:
Դա եղաւ շնորհիւ մի կուսակցութեան, ով իր առաջ դրել էր մի ընդհանուր եւ միասնական գաղափար՝ ստեղծել Անկախ Միացեալ հայրենիք: Այդ կուսակցութիւնը Դաշնակցութիւնն էր, ով զգալով ե՛ւ դաւաճանութեան համը՝ ի դէմս երիտթուրքերի , ե՛ւ տեսնելով փառահեղ յաղթանակների շարքը, ետ չկանգնեց իր ազգին միաւորելու վեհ գաղափարից, չլքեց Ցեղասպանութիւն տեսած ազգին, այլ սատար կանգնեց, ձեռք մեկնեց եւ յոյս ներշնչեց վերստին կերտելու մեր անկախութիւնը՝ ապրելու այն հողում, որը մերն է, հզօրացնելու եւ զարգացնելու մեր փոքրիկ օրրանը: Այն ժամանակ, երբ թուրք ջարդարարները նենգօրէն քայլեր ձեռնարկելով, մտադրուած բնաջնջման էին ենթարկում հայերին, Դաշնակցական հայդուկները միաւորուած պայքար էին մղում: Այդ պայքարը մի նոր ուժ ու հաւատ հաղորդեց հայ ժողովրդին, որը, հանդէս գալով միասնական ճակատով՝ Մայիս 28ի մարտերում ընդդէմ իր դարաւոր թշնամու, կարողացաւ հիմնադրել Հայաստանի առաջին հանրապետութիւնը:
Հիմնադրման ակունքներում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն էր ի դէմս իր ականաւոր գործիչների: Յիշենք նրանց անուն առ անուն՝ Արամ Մանուկեան, Յովհաննէս Քաջազնունի, Դրաստամատ Կանանեան, Գարեգին Նժդեհ, Դանիէլ Բեկ-Փիրումեան, Մովսէս Սիլիկեան, Սիմոն Վրացեան եւ շատ ուրշներ…. Միթէ՞ հնարաւոր է թուարկել բոլորին: Նրանք շատ են ու տարբեր դերակատարում են ունեցել: Նրանց գործը անմահ է. այն դրոշմուել է հայ ժողովրդի պատմութեան փառահեղ էջերում:
«ԱՍՊԱՐԷԶ».- Այս գրութիւնը Լուսինէ Նալբանդեան պատրաստած է յատկապէս «Ասպարէզ»ի համար: Գրութեան հետ հեղինակը հետեւեալ տողերր ուղարկած է խմբագրութիւն՝ ներկայացնելու ինքզինք.
Սովորում եմ Երեւանի թիւ 112 աւագ դպրոցի 10րդ դասարանում: Սիրում եմ ստեղծագործել՝ գրել յօդուածներ, բանաստեղծութիւններ եւ փոքրիկ պատմուածքներ: Ես ՀՅԴ Հայաստանի պատանեկան կազմակերպութեան անդամ եմ: Հանդիսանում եմ ՀՊԿ կողմից հրատարակուող «Կանթեղ» թերթի յանձնաժողովի անդամ, որտեղ եւ հրատարակուել են իմ նիւթերը: Ես շատ եմ սիրում լրագրողի աշխատանքը:
Մեր ընտանիքը երկար ժամանակ ապրել է Ղարաբաղում: Ես ինքս ծնուել եմ այնտեղ: Հայրս նոյնպէս դաշնակցական է:







