Ատոմակայանի Գոյութիւնը Հայաստանում Կարեւոր Է ոչ Միայն Էներգետիկ, Նաեւ՝ Ազգային Անվտանգութեան Առումով

1920px-Metsamor_nuclear_power_plant,_cooling_towers_(Armenia,_June_2015)

1920px-Metsamor_nuclear_power_plant,_cooling_towers_(Armenia,_June_2015)

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԳԱԱ ԱՐԵՒԵԼԱԳԻՏՈՒԹԵԱՆ ԻՆՍՏԻՏՈԻՏԻ ԱՒԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԱՐՄԷՆ ՄԱՆՈՒԵԼԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի ազգային անվտանգութեան գլխաւոր բաղադրիչներից է էներգետիկ (ուժանիւթի) անվտանգութիւնը: Ի՞նչ իրավիճակ է տիրում այս ոլորտում:

ԱՐՄԷՆ ՄԱՆՈՒԵԼԵԱՆ

ԱՐՄԷՆ ՄԱՆՈՒԵԼԵԱՆ

ԱՐՄԷՆ ՄԱՆՈՒԵԼԵԱՆ.- Մինչ էներգետիկ անվտանգութեան հարցին անդրադառնալը, կը ցանկանայի խօսել մեր երկրի ընդհանուր անվտանգութեան համակարգից: 2018թ.ին Հայաստանում իշխանութեան եկան մարդիկ, ում համար այդ թեման երկրորդային էր: Իրենց առաջնային հարցերը թւում է գեղեցիկ էին հնչում՝ կոռուպցիայի (զեղշարարութեան) դէմ պայքար, ժողովրդվարութիւն, այնինչ, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեր հարեւանները բոլորովին այլ տրամաբանութեամբ են ապրում ու զարգանում: Թուրքիան եւ Ադրբեջանը երբեք չեն թաքցրել իրենց հայատեաց քաղաքականութիւնը, որ վարել ու շարունակում են իրականացնել մեր երկրի նկատմամբ: Այդ պայմաններում պոպուլիստական (ամբոխահաճ) քաղաքականութիւն վարելը շատ վտանգաւոր էր, բայց ցաւօք, այդ տիպի քաղաքական գործիչներ յանձին Փաշինեանի եկան իշխանութեան եւ երկիրը սկսեց կամաց-կամաց քանդուել, ու այդ գործընթացը սկսուեց պետական ինստիտուտների (կառոյցներու) կործանումով ու յատկապէս այն կառոյցների, որոնք պատասխանատու էին անվտանգային հարցերի համար: Նրանց առաջին քայլերից եղաւ Հայաստանում պետական ֆինանսաւորմամբ գործող գրեթէ բոլոր ուղեղային կենտրոնների լուծարումը, որոնց թւում՝ «Նորավանք» գիտակրթական կենտրոնը, նախագահին կից «Հանրային կապերի եւ տեղեկատուութեան» կենտրոնը, որն աշխուժօրէն զբաղւում էր ադրբեջանական ուսումնասիրութիւններով, «Ռազմավարական նախաձեռնութիւններիկենտրոնը», որն ունէր հիմնականում տնտեսական ուղղութիւն, պաշտպանութեան նախարարութեան Ազգային ռազմավարական հետազօտութիւնների ինստիտուտն էլ թէեւ չփակուեց, բայց այն աստիճանի աղաւաղուեց, որ նրա գործունէութիւնը դարձաւ գրեթէ անիմաստ: Այսինքն, այնպիսի տպաւորութիւն էր, որ յատուկ փակուեցին այդ կարեւոր ինտիտուտները, որոնք ամէնօրեայ տեղեկատուութիւն եւ վերլուծութիւններ էին տրամադրում ռազմավարական, տարածաշրջանային հարցերի շուրջ: Ես աշխատել եմ ու համագործակցել նշուած կենտրոնների հետ, եւ կառավարութիւնը ոչ մի տրամաբանական բացատրութիւն չտուեց իր որոշումների համար:

Իշխանութիւնների քաղաքականութիւնը ռազմավարական լուծումների փոխարէն հիմնականում իրավիճակային էր, եւ տարբեր հարցերի շուրջ մօտեցումներն անհասկանալի էին: Օրինակ, ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար, գեներալ-գնդապետ Իւրի Խաչատուրովի դէմ մեղադրանքը՝ Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու համար, արժեցաւ նրա՝ այդ կարեւոր պաշտօնից ազատմանը: Երեւան վերադառնալուց յետոյ, ըստ տրամաբանութեան, նրան պէտք է անյապաղ ձերբակալէին, այնինչ գէթ մէկ օր դա տեղի չունեցաւ, իսկ Խաչատուրովի նկատմամբ քրէական հետապնդումը դադարեցուեց՝ յանցագործութեան դէպքի բացակայութեան հիմքով:

Իշխանութիւնների քայլի արդիւնքում, Հայաստանի եւ ՀԱՊԿի յարաբերութիւնների որակը փոխուեց: Հաշուի չառնուեց հանգամանքը, որ ՀԱՊԿն այն կառոյցն է, որին անդամակցութիւնը թոյլ է տալիս Ռուսաստանից զէնք ձեռք բերել աւելի մատչելի գներով, կամ, օրինակ, ՀԱՊԿի գործիքակազմի միջոցով հասկանալ միւս անդամ պետութիւնների տրամադրութիւնները, թէ երբ կարող են օգնել կամ վնասել Հայաստանին, ինչպէս օրինակ Ղազախստանը, որ յաճախ աջակցում է Ադրբեջանին: Այսինքն, այս իշխանութիւնների մուտքը սկսուեց նման գործողութիւններով, ճգնաժամով, ինչն էլ յանգեցրեց ներկայի աղէտին, որ սարսափելի է, եւ որի հետեւանքները մենք մինչ այժմ չենք էլ մինչեւ վերջ հասկանում: Այժմ Հայաստանը կորցրել է տարածաշրջանային լուրջ դերակատարութիւն ունենալու երբեմնի հնարաւորութիւնը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.– Այս իրավիճակում Էներգետիկ անվտանգութեան ի՞նչ մարտահրաւէրների առաջ է Հայաստանը:

ԱՐՄԷՆ ՄԱՆՈՒԵԼԵԱՆ.– Հայաստանի էներգետիկ անվտանգութիւնը դասական առումով այնպէս է կառուցուել, որ հիմնուած է երեք հիմնական ուղղութիւնների վրայ: Էլեկտրաներգիա արտադրող հզօրութիւններն են՝ Մեծամորի ատոմակայանը, ջերմակայեաններն ու հիդրոկայանները: Էներգետիկ անվտանգութեան կարեւոր մաս է հանդիսանում նաեւ գազի մատարակարարումը Ռուսաստանից Հայաստան՝ Վրաստանի տարածքով, եւ Իրան-Հայաստան գազամուղը, որը շատ կարեւոր է, որովհետեւ այն պահին, երբ ռուսական ուղղութեան հետ որեւէ խնդիր առաջանայ, կարող ենք օգտագործել իրանականը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Եթէ Իրանից գազ ստանալու հնարաւորութիւն կայ, այդ դէպքում ինչո՞ւ յայտարարուեց, որ ռուսական գազը կարճ ժամանակով Հայաստան կը մատակարարուի Ադրբեջանի տարածքով:

ԱՐՄԷՆ ՄԱՆՈՒԵԼԵԱՆ.- Նախկինում էլ եղել է, որ գազի մատակարարումը դադարեցուել է եւ աւելի երկար ժամանակով, եւ նման իրավիճակների համար, երբ կարող է ինչ-որ պատճառով մատակարարումն ընդհատուի, ժամանակին լուծումներ գտնուել են: Աբովեան քաղաքի մօտ գործում է գազի պահեստարան, որտեղ կարող է պահուել երկու ամսուայ պաշար, եւ անհրաժեշտութեան դէպքում կարող ենք օգտուել այդ գազից: Վերջերս լուրեր տարածուեցին սակայն, որոնք ո՛չ հերքուեցին, ո՛չ էլ հաստատուեցին, առ այն, որ Աբովեանի գազապահեստարանում գազ չկայ: Դա համարւում է ռազմավարական պաշար, եւ կարող է օգտագործուել միայն կառավարութեան յատուկ որոշմամբ ծայրայեղ իրավիճակներում, ուստի պէտք է կառավարութիւնն այժմ յայտնի, թէ ինչ է պատահել այդ պաշարներին:

Միաժամանակ, մենք կարող ենք Իրանից գազ ստանալ, ինչպէս դա արուել է անցեալում. օգտուել ենք իրանական գազից, որքան մեզ հարկաւոր է եղել, եւ ռուսական գազը ստանալուն պէս՝ փոխհատուցել ենք: Ինչո՞ւ դա չի արւում: Ադրբեջանական կողմը պնդում է, որ որոշումը ռուսական կողմինն է, ինչը ես կարծում եմ, որ այդպէս չէ, քանի որ ռուսներին պէտք չէ աւելորդ գլխացաւանք, որովհետեւ տեխնիկապէս Ադրբեջանից Հայաստան գազի տեղափոխումը հնարաւոր չէ՝ գործող գազամուղ չլինելու պատճառով: Իրականում, տեխնոլոգիան հետեւեալն է՝ ռուսները գազ են տալու Ադրբեջանին, որոնք էլ Վրաստանում իրենց պաշարներից տալու են մեզ, այսինքն, աշխատելու է նոյն սխեման: Բայց դրա կարիքը մենք չունենք, եւ էներգետիկ անվտանգութեան տեսակէտից սա խնդրայարոյց է, որովհետեւ ամբողջ անվտանգային համակարգը դրւում է թշնամի պետութեան հսկողութեան ներքոյ՝ թէկուզ երեք շաբաթով, դա անթոյլատրելի է:

Կայ կարծիք, ըստ որի, քանի որ Հայաստանի իշխանութիւնները Թուրքիան եւ Ադրեջանը դրական լոյսով ներկայացնելու քաղաքականութիւն են ներկայում վարում՝ գազի հարցն էլ այդ քաղաքականութեան շրջանակներում է, ցոյց տալու համար, որ Ադրբեջանը շրջափակում չի իրականացնում: Սա իրականում խեղկատակութիւն է, որովհետեւ ադբրբեջանական կողմից հնչող գրեթէ ամէնօրեայ յայտարարութիւններում որեւէ փոխզիջման կամ Հայաստանի հանդէպ դրական տրամադրուածութեան խօսք անգամ չկայ: Հակառակը, շարունակւում է սկզբունքօրէն հայատեաց, հակահայկական քաղաքականութիւնը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի էներգետիկ անվտանգութեան գլխաւոր յենասիւններից է Մեծամորի ատոմակայանը, որի շուրջ զարգացումները վերջին շրջանում հակասական են: Խօսւում էր այն փակելու մասին, այնուհետեւ Հայաստանը հրաժարուեց ատոմակայանի շահագործումը երկարաձելու համար յատկացուելիք ռուսական վարկից, իսկ օրեր առաջ կառավարութիւնը հաւանութիւն տուեց Հայաստանի եւ ռուսական «Ռոսատոմ» ընկերութեան նախաձեռնութեամբ աշխատանքային խմբի ստեղծմանը, որը կը զբաղուի կայանի գործունէութիւնը մինչեւ 2036 թուականը երակարաձգելու աշխատանքներով: Միաժամանակ, Ապրիլի 7ին Ռուսաստան այցի ժամանակ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահի հետ քննարկեց նոր ատոմակայեան կառուցելու հարցը՝ ակնկալելով Մոսկուայի ներդրումը: Ինչո՞վ է պայմանաւորուած ստեղծուած վիճակը, անվտանգութեան առումով ի՞նչ վիճակում է ներկայում մեր ատոմական կայանը:

ԱՐՄԷՆ ՄԱՆՈՒԵԼԵԱՆ.- Ատոմակայանի գոյութիւնը Հայաստանում շատ կարեւոր է ոչ միայն էներգետիկ, նաեւ ազգային անվտանգութեան առումով. կայանն ապահովում է երկրի բնակչութեան կողմից օգտագործուող էլեկտրաէներգիայի 40 տոկոսը: Մեծամորի ատոմակայանի դէպքում այժմ անվտանգութեան խնդիր չկայ եւ դա հաստատուել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) կողմից, որը մեր ատոմակայանի անվտանգութիւնը գնահատել է 3.8, ինչը շատ բարձր է ՄԱԳԱՏԷի չորս նիշաննոց համակարգում:

Այն, ինչ վերջերս կատարւում է ատոմակայանի շուրջ, ոչ միայն անհասկանալի է, նաեւ՝ ոչ մի բացատրութիւն չունի: Կառավարութիւնը մի պահ յայտարարեց, որ հրաժարւում է ատոմակայանի կեանքը երկարաձգելու նպատակով Ռուսաստանի տրամադրած 200 միլիոն դոլարի վարկից, որ տրւում էր Հայաստանին շատ ցածր՝ տարեկան երեք տոկոս տոկոսադրոյքով: Նման որոշումն, ըստ իրենց, պայմանաւորուած էր նրանով, որ ցանկանում են պարտատոմսեր տպել եւ դրա հաշուին իրականացնել, չնայած, որ դա երկու անգամ աւելի թանկ էր արժենալու: Ռուսական վարկից հրաժարուելու պատճառներից մէկն այն էր, որ այդ դէպքում ստիպուած չենք լինի աշխատել ռուսական ընկերութիւնների հետ, եւ այլ վարկ վերցնելու դէպքում ազատ կը լինենք ընտրելու գործընկերներին: Սա ի հարկէ սիրողական մօտեցում է, որովհետեւ խորհրդային ատոմակայեանները, այդ թւում հայկականը, կառուցել են, եւ շահագործումն ու սպասարկումն իրագործել են միայն ռուսական մասնագէտներ, եւ նրանք են միայն տիրապետում տեխնոլոգիաներին: Սա նշանակում է, որ միեւնոյնն է, պէտք է դիմենք ռուս մասնագէտների՝ ատոմակայանը վերազինելու համար: Ինչեւէ, այլ աղբիւրներից էլ կառավարութիւնը վարկ չվերցրեց, եւ սկսեցին խօսել, որ ատոմակայանը պէտք է փակուի՝ յղում անելով Հայաստան-Եւրամիութիւն համաձայնագրի համապատասխան կէտին: Սակայն նշուած փաստաթղթում կայ պայման, որ Հայաստանը պատրաստ է դիտարկել ատոմակայանի փակման հարցը, երբ ստեղծուէն համապատասխան հզօրութիւններ:

Ատոմակայանի փակումը տարիներ շարունակ պահանջում են Թուրքիան ու Ադրբեջանը՝ հիմնականում էկոլոգիական խնդիրների պատճառաբանութեամբ, սակայն նրանց պահանջն իրականում այլ հիմքեր ունի: Հայաստանում էլ, կարծիք կայ, որ ատոմակայանի փակման յայտարարութիւններն ամենեւին պայմանաւորուած չեն կառոյցի շահագործումը երկարացնելու անհնարինութեամբ, այլ, որովհետեւ աւելի յարմար կը լինի ներկրել էլէներգիա Թուրքիայից բաւականին էժան գնով: Սա, ի հարկէ շատ վտանգաւոր միտում է, քանի որ մեր ողջ էներգետիկ համակարգը դրւում է վտանգի տակ, եւ չի կարելի երբեւէ թոյլ տալ էլեկտրանէներգիա ստանալ Թուրքիայից, գազ Ադրբեջանից: Դա ազգային անվտանգութեան վերջը կը լինի:

Հայաստանի իշխանութիւնները փակեցին էներգետիկայի նախարարութիւնը եւ արդէն երկու տարուց աւելի մենք չունենք մի գերատեսչութիւն, որ համակարգում է ամենակարեւոր ոլորտներից մէկը, ըստ այդմ, էներգետիկայի ոլորտը չի կառավարւում պետութեան կողմից, ու կանգնում ենք տարօրինակ իրավիճակների առաջ: Ատոմակայանի կեանքը պէտք է երկարացուի, քանի որ դրա անհրաժեշտութիւնը Հայաստանն ունի: Եթէ փակուի, կա՛մ պէտք է կառուցուի նորը, որ ահռելի ներդրում է պահանջում, կա՛մ Հայաստանը պէտք է աւելացնի գազի ներկրումը Ռուսաստանից եւ հիմնականում գործեն ջերմակայեանները, ինչը նշանակում է, որ մեծացնում ենք մեր կախուածութիւնը ռուսական գազից եւ թանկացնում ենք էլեկտրաէներգիայի գինը, որովհետեւ ջերմակայեանների արտադրած էներգիան աւելի թանկ է ատոմակայեանից: Հաշուի առնենք նաեւ, որ Հայաստանը էլեկտրաէներգիա էր ստանում Արցախի հիդրոէլեկտրակայեաններից, յատկապէս Քարվաճառի շրջանից, շատ ցածր գնով: Պատերազմի հետեւանքով հիդրոէլեկտրակայեանների մասը մնացին ադրբեջանցիների վերահսկողութեան ներքոյ:

Ինչեւէ, հայկական ատոմակայանի շուրջ ամէն օր տարբեր յայտարարութիւններ ենք լսում եւ անորոշութիւնը շարունակւում է:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Տեղեկատուական անվտանգութեան վիճակն ինչպէ՞ս էք գնահատում՝ հաշուի առնելով մեր դէմ տարուող բաւականին համակարգուած տեղեկատուական պատերազմը:

ԱՐՄԷՆ ՄԱՆՈՒԵԼԵԱՆ.- Տեղեկատուական անվտանգութեան առումով Հայաստանը խոցելի է. հարեւան երկրների կողմից տարուող հակահայկական քաղաքականութիւնը մասնագիտական պատասխան չի ստանում մեր կողմից: Այդ ուղղութեամբ գործող ուղեղային կենտրոնն էլ, որ մեծ աշխատանք էր իրականացնում, ինչպէս նշեցի, փակուեց: Միաժամանակ, վերջին տարիներին, հայկական լրատուական դաշտում եւ ընկերային հարթակներում աղճատման գործընթաց է սկսուել, եւ մարդիկ դժուարանում են տարբերել կեղծ ու իրական լուրերը, տեղեկատուական դաշտում տիրող է զգացականութիւնը, աղաւաղումը: Այսպէս կոչուած ֆեյքային պատերազմը, որ յայտարարուեց մեր ներսում, շատ մեծ բացասական ազդեցութիւն ունեցաւ հոգեբանական, արժէքային համակարգի, ազգային ինքնագիտակցութեան խարխլման առումով: Այս ամէնից պէտք է ազատուել, որովհետեւ հասարակութեանը խորը ընկճախտի է մատնում:

Շատ կարեւոր է, որ մեր երիտասարդների շրջանում առկայ լինի քննադատական մտածելակերպ, մօտեցում, դաստիարակուեն այնպիսի արժէքներով, ինչպէս՝ հայրենասիրութիւնը, բարոյականութիւնը, արժանապատուութիւնը: Սրանք այն յատկանիշներն են, զտիչները, որոնք կարող են օգնել տարբերելու իրականն անիրականից, ճիշդը՝ սխալից: Հակառակ պարագայում, ցանկացած բացասական երեւոյթ կարող է զարգանալ, յատկապէս այս օրերին, երբ հայ ժողովրդի պառակտման գործընթացը նոր մակարդակի է հասել, քանի որ, ցաւօք սրտի, մենք իշխանութիւն ենք տուել մարդկանց, ովքեր ասում են, որ հայրենասիրութիւնը կեղծ դասակարգ է, կամ օրինակ, ասում են, պէտք չի սովորեցնել հայրենասիրութիւն:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս էք տեսնում Սփիւռքի մասնակցութիւնը հայրենիքում տեղի ունեցող գործընթացներում:

ԱՐՄԷՆ ՄԱՆՈՒԵԼԵԱՆ.- Սփիւռքի դերը շատ կարեւոր է, սակայն Հայաստանի անկախացումից յետոյ, Հայաստանը չկարողացաւ համագործակցութեան արդիւնաւէտ ձեւաչափ մշակել՝ փորձեր եղան, բայց անյաջող: Վերջին երկու-երեք տարում ընդհանրապէս վիճակը վատացաւ, երբ փակուեց Սփիւռքի նախարարութիւնը, եւ փոխարէնը ստեղծուած Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակն այնքան էլ հասկանալի չէ, թէ ինչով է զբաղւում: Սփիւռքի մասնակցութիւնը հիմնականում անհատների, խմբերի ու կազմակերպութիւնների միջոցով է իրականանում: Պետական մակարդակով համակարգուած մասնագիտական համագործակցութիւն, որը մասնակցութեան, իմ կարծիքով, ամենաարդիւնաւէտ ձեւն է, այսօր չկայ:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top